Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Պուտինը Վերսալում է՝ ո՞վ առաջինը կմոռանա անցյալը

Պուտինը Վերսալում է՝ ո՞վ առաջինը կմոռանա անցյալը
30.05.2017 | 09:18

Վլադիմիր Պուտինը ժամանել է Վերսալ՝ ի պատիվ Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 300-ամյակի: «Անհնար էր ավելի մեծ սիմվոլ գտնել»՝ գրել է մայիսի 29-ին Le Figaro-ն, նշելով, որ Էմանուել Մակրոնը ճիշտ է օգտագործել Պետրոս Առաջինին նվիրված ցուցահանդեսի բացման առիթը, որ հրավիրի ՌԴ նախագահին: Բայց կարելի՞ է զուգահեռ անցկացնել ռուս ցարի առաջին այցի և ՌԴ նախագահի աշխատանքային այցի միջև: Այդ հարցի պատասխաններն են որոնել ֆրանսիական թերթերը՝ քննարկելով երկու երկրների հարաբերությունների պատմությունը վերջին 20 տարում: Libération-ը հիշել է «Պետրոս Առաջինի ինքնաբուխ ժեստը յոթամյա Լյուդովիկոս XV-ին տեսնելով՝ ցարը նրան գրկել է համարյա հայրական սիրով»: 300 տարի հետո պետության ամենաերիտասարդ նախագահ Էմանուել Մակրոնն ընդունում է «համաշխարհային աշխարհաքաղաքականության հնաբնակներից մեկին»՝ Վլադիմիր Պուտինին: Նրանց շփման նպատակը հարաբերություններում լարվածությունը վերացնելն է, որ առաջացել է Ֆրանսուա Օլանդի կառավարման շրջանում: Կհաջողվի՞ դա երկու նախագահներին: Էմանուել Մակրոնը շատ առիթներ ունի իր դժգոհությունն արտահայտելու Կրեմլի դիրքորոշումից առաջին իսկ հանդիպման ժամանակ: Այցից առաջ ֆրանսիական բոլոր ԶԼՄ-ները հիշել են հաքերային հարձակումը նախագահի թեկնածու Էմանուել Մակրոնի նախընտրական կայքի վրա, նաև՝ կրեմլամերձ ԶԼՄ-ների մեկնաբանությունները, որտեղ ներկա նախագահին հողին էին հավասարեցնում՝ անվանելով «Ռոտշիլդների թեկնածու», «գեյ-լոբբի» և մշտապես չարախնդալով նրա անձնական կյանքի մանրամասների վրա: «Նախընտրական արշավի ժամանակ Կրեմլը բացահայտ պաշտպանում էր Ֆրանսուա Ֆիյոնին ու Մարին լը Պենին, մինչդեռ «Առաջ» շարժման թեկնածուն դարձավ ռուս հաքերների զոհը: Մարտի 24-ին Մարին լը Պենի ընդունելությունը Կրեմլում վերջնականապես բոլոր դիմակները վար բերեց Պուտինի դեմքից: Նրա այդ ձախողումը հազիվ թե մոռացվի: Բայց Էմանուել Մակրոնը վեհանձնություն դրսևորեց՝ նրան ընդունելով Վերսալում»՝ գրում է Le Figaro-ն:


Կրեմլն այլ կերպ է գնահատում Պուտինի՝ Ֆրանսիա այցի շուրջ ստեղծված իրավիճակը: Քաղաքագետ Ալեքսանդր Մուխինը, ում խոսքերը մեջբերում է Libération-ը, կարծում է, որ հենց Փարիզը պետք է որոնի Մոսկվայի հետ շփումներ. «Սա երկու երկրների հարաբերությունները վերսկսելու փորձ է նախագահական ընտրարշավից հետո, որի ժամանակ շատ վատ խոսքեր են հնչել, հատկապես թեկնածու Մակրոնի շուրթերից»: Դեռ Վլադիմիր Պուտինի այցից առաջ Էմանուել Մակրոնը բարձրաձայնել է իր դիրքորոշումը Կրեմլի հետ հարաբերություններում: Սիրիայի վերաբերյալ Ֆրանսիայի նախագահը մտադիր է «խոսել Ռուսաստանի հետ՝ ռազմական ճգնաժամից ելք գտնելու համար և համատեղ որոնել կոնֆլիկտի քաղաքական լուծում»: «Ռուսաստանի գրաված» ՈՒկրաինայի մասի հարցում Մակրոնը խոստացել է չանել «ոչ մի զիջում»:


Պետք չէ սպասել, որ երկու նախագահների միջև կլինի «սեր առաջին հայացքից»՝ գրում է Libération-ում Տատյանա Ժանը. «Երկու նախագահները բացարձակապես հակադիր աշխարհայացք ունեն, արդեն չխոսենք սերունդների տարբերության մասին: Սակայն Ֆրանսիան կարևոր գործընկեր է մնում Ռուսաստանի համար: Բացի այդ՝ Պուտինը հույս ունի, որ Մակրոնի հետ շփումը շատ ավելի հեշտ կլինի, քան Անգելա Մերկելի: Նա, ով վաղուց մարգարեացել է «Եվրոպայի վախճանը», պետք է վերջապես ընդունի, որ դա դեռ երկար չի պատահի և ինքը պետք է դրա հետ հաշտվի»:
RFI

Հ.Գ.
Ֆրանսիայի ներկա նախագահն ընդունեց ՌԴ նախագահին, հանդիպում, որ մերժել էր նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, բայց նկատեք, որ հանդիպումը Փարիզում ու Ելիսեյան պալատում չէր, այլ Ֆրանսիայի արքաների ամառային նստավայր Վերսալում, որտեղ ոչ միայն Պետրոս Մեծն է եղել, այլև՝ ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը՝ չափազանց հմայվելով Տրիանոնով՝ թագուհու մասնաբաժնով: Ֆրանսիական թերթերը կարող էին հիշել ոչ միայն ՌԴ նախագահին չընդունելու սկանդալը, այլև «Միստրալները» Ռուսաստանին չտալու սկանդալը: Կարող էին ռուսներին հիշեցնել Մարին լը Պենի նախընտրական արշավը ֆինանսավորելը ու Մակրոնի դեմ սև PR-ի բոլոր դրսևորումները: Բայց դա այլևս պատմության փակված էջն է՝ Մակրոնն ու Պուտինը հարկադրված են նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում, ուր անցյալից պետք է տանել միայն լավն ու բարին, որ նույնպես քիչ չի եղել ոչ միայն 300, այլև 20 տարում: Կարևոր է նաև հանդիպման ժամանակը՝ G 7-ի ու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներից հետո, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հանդիպելուց հետո միայն Էմանուել Մակրոնը ընդունեց ՌԴ նախագահին, որ, այնուամենայնիվ, առաջին արտասահմանցի ղեկավարն էր Մակրոնի նախագահական կյանքում, ում նա ընդունում էր Ֆրանսիայում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ